ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԿԱ՞ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

ԿԱ՞ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ
08.12.2009 | 00:00

Ինչի՞ համար են հավաքվում տան վարձ կոչվող գումարները. այս հարցը հաճախ է ծագում բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակչի մեջ, երբ նրա դուռը բախում է համապատասխան մարմնի ներկայացուցիչը`պահանջելով գումար, ասենք, չհավաքված աղբի, չմաքրված բակի կամ չնորոգված տանիքի համար: Ինչո՞ւ վճարեմ, երբ այդ կառույցը կապ չունի որևէ խնդրի հետ: Մյուս կողմից էլ` համատիրությունում պատճառաբանում են` գումար տալի՞ս են, որ աշխատանք տեսնեն:
«Շենքերի կառավարում» համատիրությունը խոշորներից է, պատասխանատու է Արաբկիրի 184 շենքերի պահպանման համար: Համատիրության նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ևս փաստեց, որ թիվ մեկ խնդիրն իրենց համար եղել ու մնում է գումարների հավաքագրումը, թեև իրենց ցուցանիշը հասնում է 90 տոկոսի: Ավելին, նա շեշտեց, որ բնակչից գանձվող գումարը` 1 քմ-ի համար 10-12 դրամ, շատ քիչ է, հաշվարկներ կան, որ մոտ 45 դրամ է անհրաժեշտ գանձել յուրաքանչյուր բնակչից` շենքերի կարիքները հոգալու համար:
Ավելի քան 15 տարի շենքերի ընդհանուր բաժնային մասերի` բակի, մուտքի, նկուղի, աստիճանավանդակների, վերելակների և տանիքի պահպանման պատասխանատուն կա՛մ համատիրությունն է, կա՛մ լիազոր կառավարիչը. աշխարհի փորձի վրա ներդրված ինստիտուտը, սակայն, մեզանում դեռ չի արդարացնում իրեն:
Այն, որ գումար չի հավաքվում, հետևաբար համատիրություններն էլ լավ չեն աշխատում, քաջատեղյակ են քաղաքապետարանում: Շենքերում կառավարող մարմնի և բնակչի միջև անդադար թարմացող վեճերը լուրջ հակամարտության պարարտ հող են դարձել, պատկերավոր ասած, բնակչի ու համատիրության ջրերը մի առվով չեն գնում: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների բաժնի պետ ՎԱՆՈՒՇ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ նշեց, որ հիմնականում նման խնդիր է առաջանում այն մարմիններում, որոնք թերանում են իրենց պարտականությունների մեջ, բնակիչների բողոքներին հաճախ վերջ չկա, և թիվ մեկ խնդիրը ֆիզիկապես մաշված բնակֆոնդն է:
Չգործող, այլ կերպ ասած, թերացող համատիրությունները, պարզվում է, շատ են, ընդհանուր առմամբ նրանց ֆոնի վրա ունենք հեղինակազրկված կառույցներ, որոնց աշխատանքի թեկուզ և փոքր արդյունքը չի երևում։
Միայն Երևանում գրանցվել և այսօր գործում է 374 համատիրություն, 108 բազմաբնակարան շենք կառավարում են լիազոր անձինք, ընդհանուր առմամբ 4707-ը կառավարվող շենքեր են: Ըստ Վ. Զեյնալյանի` բարվոք վիճակում է դրանց 40 տոկոսը` 22-23 համատիրություն, որոնք թեև ունեն թերացումներ, բայց ակնհայտ է, որ լավ են աշխատում: Իսկ «Համատիրության սեփականատերերի ազգային ընկերակցության» նախագահ, նաև այս գծով փորձագետ ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԸ կարծում է, որ «լավ աշխատող համատիրություն» կարելի է ասել միայն համեմատության մեջ: Լավ համատիրությունը, նրա բնութագրմամբ, այն է, որը թափանցիկ է աշխատում, հաշվետու է բնակիչներին յուրաքանչյուր լումայի համար:
Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների օղակը համակարգողը հիշեցրեց, որ 90-ականներին արագորեն գրանցված այդ մարմիններում իրականում աշխատում են խորհրդային «ԺԷԿ-երի» կադրերը, իսկ նրանցից քչերն են տիրապետում բնակիչների հետ սերտ աշխատանքի հմտություններին, սպասարկման ոլորտի ներկայիս հմտություններին:
Տարեսկզբին համատիրությունը կազմում է տվյալ շենքի բյուջեն, որպեսզի կարողանա իրականացնել պահպանման պարտադիր նորմերը, որոնց մեջ մտնում են 11 համալիր միջոցառումներ։ Այդ միջոցառումներից թեկուզ մեկի չկատարումը աշխատանքի թերացում է, ինչի համար օրենքն ու իր իրավունքներն իմացող բնակիչը կարող է դատական կարգով պատասխանատվության կանչել համատիրությանը:
«Բնակիչը կարող է պահանջել բոլոր փաստաթղթերը, յուրաքանչյուր համատիրություն պարտավոր է հաշվետվություններ տրամադրել կատարված աշխատանքի վերաբերյալ, շարունակ ծանուցել նաև պարտքերի մասին: Եթե չի ծանուցում, սա թերացում է, և բնակիչը կարող է դատն ինչ-որ չափով շահել»,- մանրամասնում է Վանուշ Զեյնալյանը:
Մեր իրականությունում օրինաչափորեն հակառակն է. աշխատող համատիրությունն է շատ հաճախ դատի տալիս չվճարող բնակիչներին, ինչպես, օրինակ, Արաբկիրի համատիրությունը: Գլխավոր ինժեներ ՀԵՆԶԵԼ ՄԱՄՅԱՆԻ տեղեկացմամբ, պարբերաբար ծանուցելուց հետո, երբ, այնուամենայնիվ, բնակիչը չի վճարում, գործն ուղարկում են դատարան: Այդպես ամեն ամիս միջինը 20 դատական հայցով մտնում են դատարան:
Շենգավիթ համայնքի «Հասմիկ» համատիրության նախագահ Հասմիկ Բաղդասարյանը չի նախընտրում այդ տարբերակը: Կառավարում է 8 շենք, ճանաչում յուրաքանչյուր բնակչի, տեղյակ է բոլորի խնդիրներին, այլ խոսքով, բնակիչների հետ հավերժական կոնֆլիկտի մեջ չէ: Այս համատիրության ենթակայության տակ հին, մաշված, քայքայված համակարգով շենքեր են, որոնց պահպանման հարցում միշտ տարաձայնություններ են ծագում մատակարար ընկերությունների հետ: Շենքերից մեկը, օրինակ, նկուղային հարկ չունի, մուտք մտնող ջրի խողովակները բաշխվում են հենց մուտքում և այդ հատվածում պատերը փլվում են խոնավությունից: Այս դեպքում ո՞վ պետք է նորոգի ջրամատակարարման համակարգը, պատերը. համատիրությո՞ւնը, թե՞ «Երևանջուրը»: Համատիրությունը, բնականաբար, այդ միջոցները չունի, «Երևանջուրն» էլ ասում է` իմ գործը մինչև մուտքն է: Համատիրության ղեկավարը նշում է, որ պետությունը պետք է փորձի աջակցել կառավարող մարմիններին նման գլոբալ նորոգումների դեպքում, գումարներ հատկացնի և հետևողական աշխատանք պահանջի:
Այսօր շենքերի կառավարման ուրիշ տարբերակ չկա, քաղաքային իշխանություններն առանց համատիրությունների բազմաբնակարան շենքերի կառավարումը չեն պատկերացնում: Այդ դեպքում ինչո՞ւ չի կայանում տարերայնորեն ձևավորված ոլորտը, գուցե վերահսկողությո՞ւնն է թույլ: Վանուշ Զեյնալյանն ասում է` վերահսկողություն կա, անհրաժեշտ է այն խստացնել: «Համատիրության սեփականատերերի ազգային ընկերակցության» նախագահ Ռուբեն Տեր- Գրիգորյանն էլ նշում է, որ վերահսկող մարմինները պարբերաբար պետք է աշխատեն համատիրությունների ղեկավարների հետ, առավել ևս, որ այս ոլորտը համակարգող օրենքը լավն է. պետք է մեխանիզմներ գտնել դրա ամեն մի կետն աշխատեցնելու համար: «Շենքերի կառավարում» համատիրության նախագահ Վլադիմիր Ղազարյանն էլ իրենց լիարժեք աշխատանքի համար ակնկալում է բնակիչների աջակցությունը:
Ստացվում է` համատիրությունների կայացման համար երկու բան է անհրաժեշտ` ուժեղ վերահսկողություն և բնակիչների գիտակից վերաբերմունք:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ